Այսօր Ազգային ժողովում հերթական միջադեպն է եղել նախկին ու ներկա իշխանական պատգամավորների միջև:
Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթը դուր չեկավ իշխանականներին: Աղազարյանն իր ելույթում անդրադարձել էր ՀԷՑ-ի շուրջ իրավիճակին:
«Իրական նպատակն է սադրել Ռուսաստանին, հակառուսական տրամադրությունները խորացնել, ժողովրդին ներկայանալ այլընտրանքի բացակայության պատճառով, անվտանգային խնդիրները լուծելու իմաստով, տնտեսական միգուցե, գնում ենք դեպի արևմուտք: Արևմուտքը սկսում է մեզ համար Թուրքիայից: Թուրքիան էլ ասելու է՝ եթե մենք ուզում ենք եղբայրաբար ապրենք էս տարածաշրջանում ստորագրեք խաղաղության պայմանագիրը և հավելվածը: Հավելվածներից մեկում նշված է լինելու, որ 300 հազար փախստականներ պետք է վերադառնան իրենց, այսպես կոչված, պապական տներ: Այսօր իմ ելույթում կոչ արեցի Ռուսաստանին, որ չտրվեն մեր սադրանքներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աղազարյանը:
Արման Եղոյանն ամոթանքներ հնչեցրեց: Իշխանական պատգամավորների կողմից հնչեցրած մեկնաբանություններին Աղազարյանն արձագանքեց նրանց ուղղությամբ շիշ նետելով: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց խորհրդարանից և մեկ օր զրկեց դահլիճ մտնելու իրավունքից:
ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ: Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները: Նախօրեին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց, ըստ էության, ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը: