Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները դիմել են դատախազություն, որ դադարեցվի քրեական հետապնդումը: Պնդում են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի կատարել: Նա ընդամենն իր քննադատական տեսակետն է հայտնել: Դատախազությունը դեռ չի արձագանքել:
«Ակնհայտ է, որ ուղղորդված են աշխատում ոչ միայն քննչական մարմինը, ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանը, բայց դա չի նշանակում, որ չպետք է իրավական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործել, պետք է լիարժեք բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել և դա փորձել նաև բարձրացնել, ավելին՝ ներպետականը սպառելուց հետո նույնիսկ Եվրոպական դատարան և այլն», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Այնինչ, դատախազությունն ընդամենն օրեր առաջ հայտարարել էր, որ հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծում է՝ սա կարծիք արտահայտելու դրսևորում է և ամենևին այն մասին չէ, որ Շիրակի թեմի առաջնորդը մտադիր էր իրագործել իր տեսակետը: Սրբազանին եկեղեցուց բանտ տեղափոխելու ողջ գործընթացն ապօրինի է, շարունակում են պնդել նրա փաստաբանները:
«Այն, որ իրենք սա գիտեն, չի բացառվում, որ իքս պահի գոնե հասկանալով, որ այդ աստիճանի չանեն ապօրինությունները, գոնե որոշակի կերպող մեղմացվեն այս ապօրինությունները, թեկուց տնային կալանքի և այլ իրավիճակի հասնելու: Պետք է անել, չենք կարող մտածել, որ եթե սրանք ապօրինություններ են, ուրեմն չպետք է պայքարենք», - նշեց նա:
Փաստաբան Սարգսյանը դատախազությանը նորից հիշեցնում է ընդամենը երկու տարի առաջ այս կառույցի դիրքորոշումը Աջապահյանի նույն այս խոսքերի վերաբերյալ: Այն ժամանակ էլ էր արքեպիսկոպոսը հեղաշրջման անհրաժեշտությունից խոսել. «Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»:
Աջապահյանի դեռ 2023-ին արած նույն արտահայտության մասին իրավապահներին տեղյակ էր պահել իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, դիմել, որ քրեական գործ հարուցեն, բայց այն ժամանակ դատախազությունը եկեղեցականի կոչի մեջ որևէ խախտում, հանցագործություն չէր տեսել:
«Եթե դուք սա, պետությո՛ւն, գնահատել ես, որ հանցագործություն չի, երբ փոխում ես քո մոտեցումը, պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնես, թե ինչու փոխեցիր, ավելին՝ քաղաքացու, այս դեպքում Միքայել սրբազանի մոտ գալիս է այն լեգիտիմ իրավունքը, ակնկալիքը, որ ինքը նույն բանը երբ ասում է, արդեն հանցագործություն չէ», - շեշտեց Սարգսյանը:
Ընդ որում, գլխավոր դատախազությունն իր վերջին հայտարարության մեջ չէր անդրադարձել իր հասցեին հնչած քննադատությանը, թե 2023-ի կոչը հանցանք չի համարել, բայց 2024-ինն ու այս հունիսինը համարել է:
«Հիմա ո՞նց քաղաքացին մտածի, որ 5 անգամ հանցագործություն չի, 6-րդ անգամը հանցագործություն է: Սա ակնհայտ կամայականության, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման ամենավառ օրինակն է: Իրենք են դա ասել, հիմա իրենք դրանից հետ են կանգնում», - ասում է Սարգսյանը:
Դատախազությունը նշել էր, որ արքեպիսկոպոսը, որ այս մասին խոսել է 2024-ին, իսկ վերջերս էլ վերահաստատել կարծիքը, ոչ թե հուզական վիճակից ելնելով է դա արել, այլ՝ «գիտակցված ու շարունակաբար», իսկ «այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում»: Այս մասին Հանրայինի եթերում խոսել էր Քննչական կոմիտեի նախագահը:
«Մենք տեսնում ենք, որ օրինակ՝ այն քրեական վարույթով, որ հավաքագրման պրոցես է ընթանում, պլանավորվում է կատարվել ահաբեկչական գործողություններ, իշխանության յուրացում: Ունեինք տվյալներ նաև, որ այս ընթացքում նաև հրապարակվել է, նաև պետք է ներգրավեին որոշ հոգևորականներ»,- ասել էր Արթուր Պողոսյանը:
ՔԿ ղեկավարը պնդել էր, թե Աջապահյանը կապ ունի մյուս եկեղեցականի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա համախոհների կողմից իրականացված առերևույթ հանցագործության հետ, և որ դա նույն շղթայի մեջ է. «Այս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում է իր նախկինում կատարված հայտարարությունը և դարձյալ պնդում է կատարում, որը բնորոշ է հենց այս հանցակազմին: Բնականաբար, մենք ի՞նչ պիտի անեինք, որպես պետական մարմին սա պետք է որպես առիթ դիտարկեինք և նախաձեռնեինք քրեական վարույթ»:
Պողոսյանն ասել էր, թե խուզարկության արդյունքում նաև առգրավել են Աջապահյանի օրագիրը, որի բովանդակությունից եզրակացրել են՝ ուղիղ կապ կա «Սրբազան պայքար» շարժման հեղինակի ու գլխավորողի միջև: Թե ով է եկեղեցականներին ներգրավել քաղաքական պայքարի մեջ, Արթուր Պողոսյանը չէր ասել: Աջապահյանի փաստաբանը, սակայն, հերքում է այս կապն ու պնդում՝ իրենց որևէ տվյալ այս մասին չեն հայտնել, իսկ Աջապահյանի օրագրում անձնական տեղեկություններ են, հանդիպումներ այլ եկեղեցականների հետ և այլն:
Մինչ իրավապահները հայտարարում են, թե ծանր հանցագործություններ են կանխել, Աջապահյանի փաստաբանն ասում է՝ նրա դեմ քրեական գործի շինծու լինելը նաև հիմնավորվում է այս կերպ. հունիսի 17-ին հարուցվում է գործը, ինչից մի քանի օր անց՝ հունիսի 21-ին, Աջապահյանը հարցազրույցում վերահաստատում է հեղաշրջման անհրաժեշտությունը, հետո՝ հունիսի 26-ին, նրան մեղադրանք է առաջադրվում: Ստացվում է՝ իրավապահները քրեական գործի հարուցման հիմքում դնում են մի արտահայտություն, որը եկեղեցականն արել է ավելի ուշ, քան հարուցվել է այս քրեական գործը:
Սա արվում է հասարակությանը մանիպուլացնելու, մոլորեցնելու համար, ամփոփում է փաստաբանն ու պնդում՝ իրենց արգելում են մանրամասներ հայտնել գործից, բայց իրավապահները հարցազրույցներ են տալիս ու իշխանական մամուլով տեղեկություններ տարածում: