Ուկրաինայի բանակը հայտարարում է, թե հարվածել է Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող Բորիսոգլոբսկի ռազմական օդանավակայանին՝ խոցելով ռումբերի պահեստը և ուսումնական ինքնաթիռ:
Կիևի փոխանցմամբ՝ մեկ ինքնաթիռ ևս հավանաբար խոցվել է: Մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
«Այս օդանավակայանը թշնամու Սու-34, Սու-35Ս և Սու-30ՍՄ ինքնաթիռների բազան է», - նշվում է ուկրաինական կողմի հայտարարության մեջ։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը Telegram-ում գրել է, որ գիշերը տարածաշրջանում ոչնչացվել է ավելի քան 25 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ժամանակավորապես վնասվել է էլեկտրահաղորդման գիծը: Պաշտոնյան, սակայն, ռազմական օդանավակայանի մասին ոչինչ չի գրել: