Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց, ըստ էության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն ուղղված նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից, ապա նրա ձերբակալությունից ու կալանավորումից հետո հապճեպ մշակված նախագիծը երեկ էր առաջին ընթերցմամբ ընդունվել:
Իշխանությունները հայտարարում են՝ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս:
Նախագծով առաջին հերթին ՀԷՑ-ի կառավարման հարցն է լուծվում, կան դրույթներ նաև զուտ սեփականության վերաբերյալ. եթե խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշում կայացվի, գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը: Ժամկետ էլ է սահմանվում՝ երեք ամիս, եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի, դա տեղի կունենա Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:
ՀԷՑ-ը հայտարարում է՝ ընկերության դեմ «մարտեր առանց կանոնների » ձևաչափով են պայքարում, իրենք իրավական ճանապարհով կգնան: Կարապետյանները տեղեկացրել են՝ եթե իշխանությունները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ կհարուցվի: