Ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործով Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին էլ մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն:
Միջնորդությունը կքննարկեն հաջորդ շաբաթ: Խորհրդարանի համաձայնության դեպքում «Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրանք են առաջադրելու ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Սրբազան շարժման այլ անդամներ պլանավորել են ահաբեկչություն կատարել:
«Սրբազանն իմ եղբայրն է, ես առանց թաքցնելու ասեմ, որ էս մեկ տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում: Մեր պայքարը, որը մայիսի 9-ին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով օրենքով այս իշխանությանը հեռացնել ու ունենալ հայրենիք, արժանապատվություն», - նշել է Սարգսյանը:
Ընդդիմադիր պատգամավորը միջնորդության մասին կարծիք չի հայտնել, հայտնի չէ՝ նիստին կմասնակցի, թե՝ ոչ: Քրեական գործը շինծու է որակել տասն օր առաջ, երբ իրավապահները խուզարկում էին նրա տունը, այդ օրը կալանավորեցին շարժման առաջնորդին ու ևս 14 համախոհի:
«Ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել, փաստն այն է, որ պլանավորում չի եղել, ինչ որ արել ենք, տեսել եք՝ փողոցային անհնազանդության ակցիաներ, որն արել ենք, մի տարի է անում ենք ու շարունակական գնում է: Նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդի պես կարա մեծանա և խնդիր առաջանա, փորձում են իրենց կեղծ օրակարգով, օրենքի բացակայության ինչ ուզում են, անում են», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Սարգսյանը «Սրբազան պայքար» շարժման ակտիվ մասնակիցներից է ու միացել էր սկզբից՝ Տավուշից: Ըստ գլխավոր դատախազի միջնորդության՝ պատգամավորը շարժման մասնակիցների համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց, որ ընդգրկեն հարվածային խմբերում: Գլխավոր դատախազի միջնորդագրում Բագրատ սրբազանի, Արթուր Սարգսյանի ու այլ մասնակիցների գաղտնալսված հեռախոսազրույցների սղագրություններն են:
Դատախազության միջնորդագրում ներկայացրած զրույցներում պատգամավորը խոսում է շարժման գործողություններին մարդկանց ընդգրկելու մասին: Իսկ գործողություններն, ըստ սղագրության, ճանապարհները, մայրուղիները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, խուլիգանություններով աժիոտաժ ստեղծելու թեմայով են: Արթուր Սարգսյանի զրույցները հիմնականում նվիրյալներ գտնելու ջանքերի մասին են, որ պատրաստ լինեն կանգնել մինչև վերջ:
Պատգամավորը օրեր առաջ ասել էր, թե վստահ է՝ իրեն էլ կկալանավորեն ու չի վախենում, պայքարը շարունակելու է. - «Վստահ ասում եմ, որ կարող է ինձ կալանավորեն, դրան պատրաստ եմ»:
Շենքեր մտնելու մասին էլ խոսակցություններ կան սղագրություններում, բայց նշված չեն՝ ինչ շենքերի մասին է խոսքը: Դատախազության ներկայացրած ապացույցները՝ այդ գաղտնալսված զրույցները կիսատ են, մտքերը ավարտված չեն և անընդհատ փաստաթղթում էլ նշվում է, որ խոսակցության կեսը լսելի չէ:
Ըստ դատախազության՝ սրբազան պայքարի առաջնորդն ու համախոհները 2024 թվականի նոյեմբերից են մտադրվել իրագործել իրենց ծրագիրը և իշխանությունը զավթելու, ահաբեկչություն կատարելու համար միջոցներ են ձեռք բերել: Ըստ այդ միջնորդագրի՝ 2024-ի օգոստոսին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կեցավայրում հանդիպել է համախոհներին, Արթուր Սարգսյանին ու ասել, թե ամսի 13-ին, 14-ին մտադիր է անցնել ինտենսիվ գործողությունների: Վստահ է՝ հաղթելու է:
77 էջանոց միջնորդագրում խոսակցությունը կազմակերպչական հարցերի ու քայլերի հաջորդականության սցենարի մասին է: Զրույցների ժամանակագրությունը ներկայացված է 2024-ի նոյեմբերից մինչև այս տարվա մայիսը: Գլխավոր դատախազությունը պատգամավոր Սարգսյանին մեղադրում է հարվածային խմբերում 2000-ից ավելի մարդ հավաքագրելու համար: