Մխչյանի դպրոցի մեծ աղմուկ հանած միջադեպից շուրջ 2 ամիս անց, Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ փորձաքննության պատասխանները ստացել են՝ անչափահասների օրգանիզմում թմրամիջոցների օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել:
Մայիսին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, հետո լուսանկարել նրանց ու շանտաժի միջոցով, ստիպել, որ տնից գումար բերեն: Սա նաև հենց մխչյանցիներն էին «Ազատությանը» պատմել՝ անանուն մնալու պայմանով:
Քննչական կոմիտեն չէր հերքել այս վարկածը միայն նշվել էր՝ հարուցվել է քրեական գործ: Այդ օրերին դպրոցում լուռ էին, ծնողները՝ մտահոգ:
Աղմկահարույց այս պատմությունից օրեր անց, դպրոցի տնօրենը հրաժարական էր տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, հարևան բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել, եղբայրը՝ բարձրաստիճան ոստիկան է: «Ազատության» տեղեկություններով՝ վերադաս մարմիններից են նախկին տնօրենին ասել, որ դիմում գրի հեռանա, նա էլ պայման է դրել՝ կհեռանա, եթե իր գործընկերներին աշխատանքից չազատեն:
Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ ինքն այդպիսի տեղեկություններ չունի, բայց պնդեց՝ նախարարությունից այդպիսի հրահանգ չի եղել: «Տնօրենն ինքնակամ է հեռացել աշխատանքից», - շարունակեց նա:
«Ազատության» դիտարկմանը, թե տեսախցիկներից խուսափող ուսուցիչները դեմ էին, որ տնօրենը լքի դպրոցը, պատասխանեց. - «Դպրոցում տևական ժամանակ տեղի է ունեցել ինչ-որ իրադարձություն, ինչ-որ միջադեպ, միանշանակ է, որ դպրոցի տնօրենը սովորողների համար անվտանգ, ապահով միջավայրի ապահովման գլխավոր պատասխանատու անձն է: Դրա մասին տեղյակ չլինելը, խոսում է նրա մասին, որ խնդիր կա, որովհետև դա նշանակում է, որ դպրոցի կողմից արձագանքման մեխանիզմները չեն գործում»:
Միջադեպից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել աշակերտների և դպրոցի անձնակազմի հետ, հարցրեցինք հանրակրթության վարչության պետին: Ասաց՝ երբ ենթադրյալ արարքի մասին տեղեկությունները տարածվեցին, դպրոցում արդեն վերջին դասերն էին, պնդեց՝ արձակուրդից հետո նոր հանձնարարություններով դպրոց մտած նորանշանակ տնօրենն անելիք ունի, իրենք էլ ծրագրային ու մասնագիտական աջակցություն են ցուցաբերելու:
Չնայած թմրանյութի շրջանառության վարկածը հերքվել է, հարուցված քրեական գործի շրջանակներում դպրոցի 4 աշակերտ մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրանցից մեկն է չափահաս՝ 18 տարեկանը լրացած է, նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը լրացել էր, Քննչական կոմիտեն դատարանի որոշմամբ կրկին երկարաձգել է: Մյուս երեքն անաչափահաս են, նրանք էլ մեկ ամիս դաստիարակչական և վարչական հսկողության տակ էին, սա նշանակում է, որ իրավապահները հետևում են նրանց շարժին ու վարքին: Մեկամսյա այս ժամկետն էլ էր լրացել, բայց կրկին երկարաձգվել է:
Նրանք կասկածվում են շորթման համար, ըստ մեղադրանքի՝ միասին նախապես պայմանավորվելով գումար են պահանջել անչափահաս և անօգնական վիճակում գտնվող երեխաներից: Տուժողները 4-րդ դասարանի, 9-ամյա անչափահասներ են: Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում, երեխաները սպառնալիքի տակ կատարե՞լ են արդյոք, մեծահասակ աշակերտների ենթադրյալ պահանջը՝ տնից փող բերել ու նրանց փոխանցել են: Ասացին, այս ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
Իսկ թմրանյութի նմանվող սպիտակ փոշին հետազոտվե՞ է, փորձաքննություն անցե՞լ է, Քննչական կոմիտեից ասացին, որ այդ զանգվածը քննիչների չի հասել, տոքսիկաքիմիական փորձաքննություն են անցել անչափահաս երեխաները, որոնց շուրթերին ավագ դասարանի աշակերտները, ենթադրաբար, քսել են այդ փոխին: