Վրաստանի նախագահը ներում է խոստանում ընդդիմադիրներին՝ պայմանով

Վրաստանի նախագահ Միխեյիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել բանտարկված քաղաքական գործիչներին, եթե նրանք համաձայնեն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

«Բոլոր համապատասխան դատապարտված քաղաքական գործիչներին առաջարկում եմ ներման դիմում ներկայացնել ինձ և նույն հայտարարությամբ հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը: Նման դիմումի դեպքում ես անմիջապես կհրապարակեմ ներման մասին ակտ», - «Ֆեյսբուքում» գրել է Վրաստանի նախագահը։

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են այս տարվա հոյտեմբերին, ութ ընդդիմադիր կուսակցություններ արդեն հայտարարել են ընտրական գործընթացը բոյկոտելու մտադրության մասին։

Վերջին շաբաթներին միայն Վրաստանում ութ ընդդիմադիր քաղաքական գործիչ է ազատազրկման դատապարտվել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստերը բոյկոտելու համար։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է նախորդ իշխանությունների ենթադրյալ հանցագործությունները քննելու համար: