Ադրբեջանը բարձր է գնահատում անցած ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում «բոլոր 57 անդամ պետությունների կողմից» բանաձևի ընդունումը, որով «աջակցություն է հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
Ալիևը պնդել է՝ «Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը մեծ նշանակություն ունի»։
Պաշտոնական Երևանը խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի է որակել Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի ընդունած հռչակագիրը ևայլ փաստաթղթեր՝ իր հիասթափությունն արտահայտելով դրանց կապակցությամբ:
Իրանի արտգործնախարարությունը երկու շաբաթ առաջ ընդգծել է, որ Ստամբուլի հավաքի ժամանակ ընդունած հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ, բառեր և բառակապակցություններ պաշտոնական Թեհրանը չի պաշտպանում:
«Մեր կարծիքով՝ նման ձևակերպումների և արտահայտությունների կիրառումը կարող է աշխարհաքաղաքական փոփոխություների ցանկություն առաջացնել»,- հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։