ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց հարկային և ծախսերի մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսը ձայների 218 կողմ և 214 դեմ հարաբերակցությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի հարկային և ծախսերի մասին օրինագիծը։

Փաստաթուղթը նախատեսում է ընդլայնել պաշտպանության ծախսերը, ֆինանսավորել միգրանտների զանգվածային արտաքսումները և ընդլայնել 4.5 տրիլիոն դոլարի հարկային արտոնությունները, ինչպես նաև զանգվածային կրճատումներ իրականացնել սոցիալական ծրագրերում, ներառյալ դաշնային պարենային օգնությունը և Medicaid-ը՝ կառավարության առողջապահական ապահովագրության ծրագիրը ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Որոշ գնահատականներով՝ մինչև 12 միլիոն ամերիկացի կարող է կորցնել իր ապահովագրությունը։

Այս ծրագրով նախատեսված ծախսերը Թրամփի վարչակազմը մտադիր է ֆինանսավորել մաքուր էներգիայի և էլեկտրական տրանսպորտային միջոցների սուբսիդիաների վերացմամբ։

Մասնավորապես այս պլանը լարվածություն է հարուցել նախագահի և նրա մերձավոր զինակից, միլիարդատեր Էլոն Մասկի հարաբերություններում։ Գործարարը պնդում է, որ սուբսիդիաների չեղարկումը «հարված է ապագային» և սոցիալական ցանցերում կոշտ քննադատություն է հնչեցրել ամերիկյան կառավարության հասցեին։

Թրամփի համոզմամբ՝ օրենքը «պատմության մեջ ամենակարևորներից մեկն է»։

ԱՄՆ նախագահը նախատեսում է այն ստորագրել այսօր՝ հուլիսի 4-ին՝ Անկախության օրը։