Եթե հիմա չփոխենք, ոլորտը 10 տարուց չի լինի. ի՞նչ կտա կրթության և գիտության մասին օրինագիծը

Ակադեմիական քաղաքի նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրագույն կրթության ու գիտության մասին օրինագիծը, որը փաստացի փոխարինելու է կրթության ու գիտության ոլորտը համակարգող ներկայումս գործող 4 օրենքներին։ Այն հսկայական մի նախագիծ է՝ հարակից ավելի քան երկու տասնյակ օրենքներում փոփոխություններով, դրանք ներառում են գիտական ու կրթական կառույցների համակարգերում հիմնարար փոփոխություններ, բուհերի խոշորացում։

Այս օրինագծում է նաև Ակադեմիական քաղաքի գաղափարը, որտեղ, ըստ նախարարության, պետք է տեղափոխվեն առաջին հերթին պետական բուհերը։

Հարցերն ու մտահոգություններն այս օրինագծի հետ կապված բազմաթիվ են, 500 էջից ավելի միայն առաջարկներ են ստացվել։

Մոտ 200 տեխնոլոգիական ձեռներեցների և 24 բիզնես ասոցիացիաներ միավորող «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը կարծում է՝ այս օրենսդրական նախաձեռնությունը դրական փոփոխությունների կողքին նաև լուրջ բացեր ունի։ Այն սահմանափակում է գիտական կազմակերպությունների հնարավորությունները։

«Այսինքն՝ դուք ձեր ակադեմիական գործունեության քաղաքականությունը կարող եք իրականացնել ձեր պատկերացրած ձևաչափերով, ինչո՞ւ եք ընդհանրապես պետությունում սահմանափակում գիտական կազմակերպությունների տեսակները», - հարցնում է նա:

Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ նախագծով սահմանված գիտական կազմակերպությունների տեսակները բացառում են, որ դրանք լինեն համալսարաններից դուրս՝ այլ գերատեսչությունների ենթակայության տակ, կամ որ դրանք լուծեն, օրինակ, արդյունաբերության խնդիրները։ Նախագիծը, ըստ «Գիտուժի» անդամի, բացառում է նաև հատուկ պետական ցանցերում միավորված գիտական կազմակերպությունների գոյությունը, որոնք մի քանի գերատեսչությունների ու արդյունաբերության պատվերներ կկատարեն։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք ուզում դրանք օրենքով բացառել, այլ հարց է, որ կարող է մեզ այս պահին պետք չէ դրանք ստեղծել, բայց այս դրդումը ... անհասկանալի է: Ինչո՞ւ եք օրենքով արգելում», - նշեց ա:

Տիգրան Շահվերդյանն ասում է՝ գուցե նախագծի շնորհիվ ակադեմիական գիտությունն ինչ-որ առումով որոշ առաջընթաց ապահովի, բայց որքանով է հաշվի առնվում Հայաստանի համար կենսական խնդիրների լուծումը. «Երբ հասնենք, իրականացնենք այդ ծրագիրը, մի կողմ դնենք հարցերը, որ կան, դա կարող է այո, ակադեմիական գիտության մասով մեզ ահագին առաջ գցի, բայց մեր գլխավոր խնդիրը, որ պետք է անհանգստացնի որպես պետություն, որը իր հարկատուներից հավաքած գումարը ներդնում է այս պրոյեկտների և այս գործընթացների մեջ, թե անվտանգային գիտական հետազոտությունների մշակումների մասով ինչ է տեղի ունենալու և տնտեսական զարգացման մասով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Բարսեղյանը խնդրեց չմիավորել մարզային բուհերը, Փաշինյանը ցիտեց Սոկրատեսին

Օրինագծում խնդրահարույց կետերի մասին կառավարություն ու Ազգային ժողով բաց նամակ էին ուղարկել նաև աշխարհի բուհերում դասավանդող հայազգի ավելի քան վեց տասնյակ դասախոսներ ու գիտնականներ։ Նամակի հեղինակ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային ինժեներիայի դասախոս Արեգ Դանագուլյանը նշել էր, որ, օրինակ, օրինագծի կետերից մեկը, որով Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, խոչընդոտում է արդեն իսկ կայացած բուհերի զարգացումը և վնասում է ոչ հանրային բուհերի ինքնավարությունն ու անկախությունը։ «Ազատության» հետ զրույցում գիտնականն ասում է՝ իրենց մտահոգությունների հետ կապված որոշ փոփոխություններ արվել են։

«Եթե անցյալում առաջին տարբերակում ուղղակի արգելվում էր Երևանում ենթակառուցվածքների լայնացումը, ապա հիմա ավելի կոմպրոմիսային լեզու է այնտեղ գրանցված, որը թույլ է տալիս որոշ լայնացումներ, եթե հիմնարկը/հաստատությունը նույնպես մասնակցում է Ակադեմիական քաղաքին», - նշեց նա:

Բայց ընդհանուր առմամբ, ըստ Դանագուլյանի, երկու լուրջ թերություն ունի նախագիծը՝ դրանում ներառված է նաև դեռ միայն գաղափարապես ուրվագծված Ակադեմիական քաղաքը, ինչը իր հետ շատ հարցեր ու անորոշություններ է բերում։

«Մենք վերցնում ենք կրթության, գիտության ռեֆորմը և կցում Ակադեմիական քաղաքը, որը դեռևս հստակ չէ, այսինքն՝ Ակադեմիական քաղաքի տեսքը դեռևս հայտնի չէ, աշխատանքները դեռ արվում են, երկար ժամանակ է պահանջվելու, շատ արդարացված, բայց մենք փաստորեն օրենքի մեջ դնում ենք մի բան, որը դեռևս հստակ չէ», - նկատեց նա:

Երկրորդ խնդիրն այն է, որ բարեփոխումները թելադրված չեն ներքևից. «Վերևները որքան էլ չիմանան, թե ներքևներում ինչ է կատարվում, չեն կարող դա աբողջովին իմանալ, և ընդհանրապես այսպիսի ռեֆորմները պետք է գան ինչ-որ ուժերի կողմից, որոնք ինչ-որ նպատակներ ունեն՝ գիտական խմբերը, արդյունաբերությունը, որ ուզում է կադրեր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա 5 տարում ոչ մի բուհ ակադեմիական քաղաք չի տեղափոխվի. ինչից է սկսվելու կառուցումը

Արեգ Դանագուլյանն ասում է՝ սակայն մտահոգություններին զուգահեռ նաև ողջունում է, որ կառավարությունը ոլորտում գլոբալ փոփոխություններ է նախաձեռնել, քանի որ հստակ մի համոզմունք ունի. եթե այժմ գիտության և կրթության ոլորտում փոփոխություն չարվի, ապա այն մի քանի տարուց պարզապես գոյություն չի ունենա։