Հայկական կոնյակի արտահանման խնդիրները՝ Վրաստանի սահմանին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահը նախորդ շաբաթ Վրաստանում հանդիպել էին վրացի բարձրաստիճան գործընկերների հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ կոնյակի արտահանման խնդիրները լուծելու համար։

Մինչ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում թվեր է հրապարակում, թե վրացական անցակետում ամիսներով կանգնած քանի բեռնատար է Հայաստանի կառավարության միջամտությամբ հասել Ռուսաստան, «Պռոշյանի կոնյակի գործարանի» ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը նշում է՝ Վրաստանում արդեն 47 օր կանգնած իրենց բեռնատարներից դեռ 3-ն են մտել Ռուսաստան, իսկ 25-ը դեռ շարունակում են սպասել. վրացական կողմը շարունակում է ՌԴ-ում վաճառվող կոնյակի որակն իրենց սահմանին ստուգել:

«Վստահ կարող եմ ասել, որ իրավիճակը դեռ լուծում չի ստացել, նույն տարբերակով մեքենաները պահում են, ու հարցի լուծում չկա, ու հույս էլ չկա, որ այս հարցը մոտակայում կլուծվի», - «Ազատությանն» ասաց նա, - «Իրավիճակը գնալով ոչ թե լուծվում է, այլ շատ ավելի վատանում է: Չունենք ոչ մի դրական առաջընթաց»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ակնկալում են, որ Վրաստանով արտահանման խնդիրն ամբողջությամբ լուծվի

Կոնյակի արտահանմամբ զբաղվող «Արկոն Թրեյդ» ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանն էլ ասում է, որ իրենց մեքենաներից երկուսը վրացական կողմը վերադարձրել է՝ առանց բացատրության։

«Մեր բանավոր հարցին պատասխանում են, որ տեղի Գյուղնախարարության համապատասխան գործակալությունը գրություն է գրել, որ այդ երկու մեքենաները չպետք է շարունակեն իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան», - նշեց նա:

Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահն այդպես էլ չասացին՝ կարողացե՞լ են վրացի գործընկերներից պարզել, թե ինչու են նրանք որոշել ստուգել Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի որակը, եթե այն ուղղակի պետք է անցնի իրենց սահմանով։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, սակայն, երեկ խորհրդարանում նշել է, որ ունեն պայմանավորվածություններ, որ լաբորատոր ստուգումների ժամկետը չի ձգվի ամիսներով, այլ առավելագույնը կտևի 10–15 օր, իսկ հետո՝ 7 օր։

«Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման բաժնի ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը, լսելով այս հայտարարությունը, հակադարձում է. «Նույն տեմպերով շարունակում են երկար պահել»:

Ըստ նրա՝ վերջին երկու օրերին իրենց կոնյակով բեռնված մեքենաները նույնիսկ չեն հասնում վրացական Գեզի մաքսակետ։ Դուրս են գալիս Բագրատաշենից, մտնում վրացական սահման, հենց այնտեղ էլ կանգնում։ Գայանեն կարծում է՝ Գեզիում հերթերն են պատճառը, բացի այդ, ասաց, անհասկանալի մի նոր խնդիր էլ է ծագել:

«Վրացական կողմը մեքենաների գլուխը շրջում է դեպի Հայաստան...անհասկանալի պատճառներով, բայց այդ շրջած մեքենաներից ուղարկել են դեպի Գեզի», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ հունիսին Հայաստանից դուրս եկած բեռնատարներից 122-ը հասել են Ռուսաստան, որոնցից ավելի քան 80-ը՝ վերջին օրերին։ Ըստ նրա՝ սա վրացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Բայց թե ինչ մեխանիզմներ են մշակվել, դրա մասին լռում է:

«Եթե մի շաբաթ առաջ, օրինակ, կարող էինք ասել, որ Երևանի կոնյակի գործարանն ունի բազմաթիվ մեքենաներ, որոնք մեկ ամիս-45 օր, 2 ամիս այնտեղ են, այսօրվա դրությամբ խոսել եմ գործարանի ղեկավարության հետ, ասացին՝ ամենահին մեքենան, որ այնտեղ է, 5 օր այս պահին: Պռոշյանի կոնյակի գործարանում այսօրվա դրությամբ 14 օր է», - նշել է նախարարը՝ հավելելով, որ մանրամասն տիրապետում են տնտեսվարողների խնդիրներին, - «Ամենօրյա ռեժիմով իրենց արտահանման բաժնի աշխատողն եմ դարձել, որից չեմ դժգոհում, օգնում ենք՝ դուրս գան»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյան

Տնտեսվարողներն այդպես էլ չեն ստացել իրենց հուզող հարցի պատասխանը՝ ինչու է Վրաստանը որոշել ստուգել Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի որակը։ Փոխարենը նրանք համոզվել են, որ այդ գործընթացը դառնում է մշտական։ Դա չեն հերքում նաև հայ պաշտոնյաները։

Բայց Պապոյանը վստահեցնում է՝ լուծման այլ տարբերակ ունեն՝ Ռուսաստանից մասնագետներ են ու Հայաստանում վերապատրաստում են հայ մասնագետներին, հաջորդիվ հայկական կողմը փորձի փոխանակման համար կգնա Ռուսաստան, և դրանից հետո ՀՀ-ում կբացվեն այնպիսի լիցենզավորված լաբորատորիաներ, որ Վրաստանի սահմանին արվող փորձաքննությունն արդեն այստեղ իրականացվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պռոշյանի կոնյակի գործարանի» բեռնատարները չեն կարողացել ՀՀ-ից դուրս գալ, մաքսայինն արգելել է. ընկերության ներկայացուցիչ

«Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը կարծում է, որ Վրաստանն այսպիսի քայելրով փորձում է հայ կոնյակագործներին դուրս մղել ռուսական շուկայից: Իսկ այդ դեպքում, ասաց, շուկայի դիվերսիֆիկացումն էլ իրենց չի փրկի, որովհետև Ռուսաստանը Հայաստանի համար կոնյակի արտահանման ամենամեծ շուկան է: