«Խաղաղության խաչմերուկ»-ը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի, և հակառակը. Միրզոյան

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն «առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որը ներկայացվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև դրանից անդին գտնվող տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը»։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Պեկին պաշտոնական այցի շրջանակում South China Morning Post-ին տված հարցազրույցում։

Դա կարող է դուռ բացել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրի, ինչպես նաև Եվրամիության 300 միլիարդ եվրոյանոց ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի հետ կապելու համար, ասել է Միրզոյանը: «Պատկերացրեք, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի, և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը», - Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ Միրզոյանը նշել է. - «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները առանց որևէ սահմանափակումների: Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանի և Պեկինի միջև քաղաքական երկխոսությունն «ինտենսիվ և ակտիվ» է եղել՝ հավելելով, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորության առնչությամբ հարցին ի պատասխան նախարարը նշել է, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը ավարտեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին այդ ձեռքբերումը: Ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, Միրզոյանը հավելել է. - «Տեսնում ենք, որ Չինաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է հայտնելԵրևանը հաստատում է՝ ապաշրջափակման հարցով միջազգային գործընկերներից առաջարկներ ստանում ենԹրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի» «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց». Փաշինյան «Մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». Փաշինյան