Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հսրցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։
«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ», - նշել է ԱԳՆ խոսնակը:
Անի Բադալյանի փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով:
Բաքուն դեռևս չի արձագանքել Թրամփի վարչակազմի առաջարկի մասին «Քարնեգի»-ի հրապարակմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի»