Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների երեկվա հեռախոսազրույցից հետո ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով լայնածավալ հարձակում է գործել Կիևի և այլ քաղաքների վրա: Մայրաքաղաքում կա մեկ զոհ, 26 վիրավոր, վնասվել է քաղաքի երկաթուղին, Լեհաստանի հյուպատոսության շենքը, այրվել են պահեստներ, ավտոմեքենաներ:
Կիևի բնակիչ Տատյանա Զարուդնան պատմում է, որ տպավորություն էր, թե անօդաչուները հարվածում էին յուրաքանչյուր րոպեն մեկ: Հարվածներից հետո հրդեհ է բռնկվել իր բնակարանում, որտեղ այլևս հնարավոր չէ ապրել, ասել է Տատյանան. - «Ամեն ինչ մրով է ծածկված։ Մենք պետք է վերանորոգենք այն։ Բնակարանն ամբողջությամբ չի այրվել, բայց այն պիտանի չէ բնակության համար»:
Մեկ այլ բնակիչ՝ Մարիա Հիլչենկոն պատմում է, որ պայթյունների ձայներից է արթնացել: Մի պահ դրանք հանդարտվել են, ապա՝ նորից սկսվել. - «Պայթյուններն ավելի ու ավելի էին մոտենում։ Շտապեցինք միջանցք։ Հետո հարևանը եկավ և ասաց, որ անօդաչուն հարվածել է իր բնակարանին, և մենք պետք է հավաքենք իրերն ու դուրս գանք շենքից»։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ սա օդային ամենախոշոր հարձակումներից մեկն է և դատապարտել է այն: Վլադիմիր Զելենսկին նշել է՝ Ռուսաստանը կրկին ապացուցում է, որ մտադիր չէ դադարեցնել պատերազմը: Ըստ նրա՝ քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը չի մեծացվել, այն չի փոխի իր վարքագիծը։
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է ռուսական քաղաքներին, Ռոստովում կա զոհ, վնասվել են շենքեր, հարվածել են նաև Մոսկվային մոտ գտնվող Սերգիև Պոսադ քաղաքի էլեկտրակայանին:
Ռուսաստանը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Միաժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են արել՝ թվով 7-րդը ստամբուլյան պայմանավորվածության շրջանակում։
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են ռուսական զինուժի այսօրվա հարձակումները, նաև հակաօդային պաշտպանությանն առնչվող հարցեր և համաձայնել աշխատել Ուկրաինայի «երկինքը պաշտպանելու» հնարավորությունների ընդլայնման վրա:
Երեկ էլ տեղի էր ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ թվով վեցերորդն այս տարվա ընթացքում: Մոտ մեկ ժամ տևած զրույցի ժամանակ առաջնորդներն անդրադարձել են նաև ուկրաինական խնդրին:
Թրամփը բարձրացրել է պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու հարցը։ Պուտինն էլ ասել է, որ չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից և հասնելու է նրան, որ վերացվեն հակամարտության առաջացման հիմնապատճառները: Մոսկվան, ամեն դեպքում, դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմամբ, ասել է նա։
Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց չի արձանագրվել: «Ոչ, այսօր ես այդ հարցում որևէ առաջընթաց չեմ գրանցել»,- ասել է նա:
Թրամփն ավելի ուշ էլ ասել է, թե հիասթափված է Պուտինից:
«Շատ հիասթափված եմ նախագահ Պուտինի հետ այսօրվա զրույցից ... Չեմ կարծում, որ նա ներգրավված է լարվածության թուլացման ջանքերում ... Չեմ կարծում, որ նա ցանկանում է կանգ առնել, և դա շատ վատ է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
«Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ուկրաինացի քաղաքագետՊետրո Օլեշչուկն ասել է, որ Թրամփի նշած պատճառն այդքան էլ համոզիչ չէ։ Ըստ նրա՝ այս որոշումը կարող է կապված լինել Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու հետ: Բայց եթե օգնությունն իսկապես դադարի, դա միայն կխթանի «ռուսական ահաբեկչությունը», պնդել է նա:
«Պարզապես այն պատճառով, որ Patriot հրթիռները միջոց են՝ խոցելու բալիստիկ հրթիռները, որոնցով Ռուսաստանն ահաբեկում է ուկրաինական քաղաքները։ Եվ բացի ահաբեկչությունը խթանելուց որևէ այլ նպատակ այդ որոշումը չի հետապնդում: Դժվար է դա այլ կերպ ընկալել», - նշել է Օլեշչուկը:
Լատվիայի արտգործնախարարը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը լրջորեն պատրաստ չէ խաղաղության, ուստի պետք է շարունակել ճնշումը: Բաիբա Բրաժեն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ ինքնապաշտպանական կարողություններ և բազմաշերտ հակաօդային պաշտպանություն:
«Բայց նրանց նաև անհրաժեշտ են հարձակողական կարողություններ՝ ոչնչացնելու գործարանները, ուր արտադրվում են [ռուսական] անօդաչուները։ Սա այն բաներից մեկն է, որը պետք է կարողանանք տրամադրել Ուկրաինային», - նշել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Այս ֆոնին Գերմանիան հայտարարել է, որ բանակցում է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Patriot հրթիռներ գնի Ուկրաինայի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ճկուն կլինի և Կիևին կտրամադրի այն, ինչ նրանց անհրաժեշտ է:
Նիդեռլանդները հայտարարել է, թե ապացույցներ ունեն, որ Ռուսաստանն ինտենսիվացնում է Ուկրաինայում քիմիական արգելված զենքի կիրառումը և կոչ է արել խստացնել պատժամիջոցները: